Նորություններ

2016 ԹՎԱԿԱՆԸ ԱՄՓՈՓՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ «ԱՐՄԱՏ» ԴՊՐՈՑՈՒՄ | 2017-10-17


Աշխատանքային առօրյան ավելի հետաքիրքիր և բազմաշերտ է դառնում, երբ երբեմն-երբեմն ընդմիջվում է տոնական տրամադրությամբ։ «Վարդանյան» կենտրոնի ուսուցիչները և կազմակերպիչները ողջ ուսումնական տարվա ընթացքում աշխատում են ինքնամոռաց նվիրումով, աշակերտներին հաղորդում այնպիսի կարևոր գիտելիքներ և հմտություններ, որոնք ոչ մի այլ կրթօջախում նրանք չեն ստանա։ Եվ այն օրը, երբ նրանց՝ սովորաբար դասասենյակներում և աշխատասենյակներում պարփակված աշխատանքը բարձրանում է բեմ, ներկայացվում ծնողների և դպրոցի բարեկամների դատին, նրանք աշակերտներից ավելի շատ են հուզվում և շփոթվում, լցվում պատասխանատվության և ինքնարտահայտման հնարավորությունների բերկրանքի խառը զգացմունքներով։
2016թ. ավարտը ազդարարող և տարբեր անվանակարգերով ամփոփող հանրագումարային միջոցառումը անցավ հուզաթաթավ, ջերմ և պարտավորեցնող մթնոլորտում։ Յոթ հետաքրքիր անվանակարգերում պարգևատրվեցին 10 լավագույնները, որոնք ստացան «Արմատ» դպրոցի պատվոգրեր և հատուկ պատկերանշանով շոկոլադներ։ Առանձնացան ամենանվիրված ընտանիքն ու ծնողը, ամենապարտաճանաչ աշակերտն ու ուսանողը, ամենաշնորհալի ռեժիսորն ու ուսուցիչը…
Դպրոցի բարեկամների և օգնականների շարքերը այնքան ստվար էին, որ նրանց պարգևատրության ընթացքում բեմը վերածվել էր իսկական շքերթի։ Եվ այս ամենը ընդմիջվում էր դպրոցի ստեղծագործական դասարանների պատրաստած հրաշալի գեղարվեստական համարներով։ Հանդիսատեսը հիացած էր և «Չարի վերջը» ու «Արվեստն ասելիք ունի» բեմականացումներով և «Քրիստինա Խալաթովա» ստուդիայի ու «Կոմիտաս» երգչախմբի շնորհալի երգերով և «Նարեկ» համույթի պարերով ու «Մեծ Մհեր» դասարանի ասմունքով և թե՝ հիանալի հեղինակային տեսանյութերով, որոնք մեկընդմեջ սփռվում էին էկրանից։
Տոնը կայացել էր, բոլոր պարգևատրվածները և չպարգևատրվածները շնորհավորում էին միմյանց, բոլոր աշակերտներն ու ծնողները երջանիկ էին՝ նոր հաջողությունների սպասումով։

Օրացույց

« »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր

Նախագծեր

ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՏԱՃԱՐ

Քաղաք Կրասնոդարում կառուցվում է Սուրբ Մարիամ Աստվա ..


Կարդալ ավելին